Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Խճանկար

Կիթառի հայ դեսպանը Գերմանիայում

Բլյուզի հայկական ասոցիացիան շարունակում է կամրջել բլյուզ երաժշտության սիրահարներին և երաժիշտներին, անդրադառնալ երաժշտական այս յուրօրինակ ուղղության հետ կապված միջոցառումներին ու նորություններին ինչպես մեր փոքր, բայց արվեստասեր հայրենիքում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս: Այս անգամ ներկայացնում ենք Եվրոպայում գործող հայ երաժիշտներից մեկին, ով արդեն իսկ գրավել է տարբեր ազգության պահանջկոտ ունկնդիրների սերը. մենք առավել ևս հետաքրքրված ենք նրա ստեղծագործական գործունեությամբ:

 

Ambassador` դեսպան. այսպես է կիթառ արտադրող առաջնակարգ ընկերություններից մեկը` “Thorndal”-ն անվանում իր սիրելի ներկայացուցչին (մանրամասների համար տես՝ www.arturtadevosyan.com ): Ընկերության գովազդում տեսնում ենք ժպտերես երիտասարդի և հպարտությամբ հասկանում, որ  նա մեր ազգակիցն է: Արդեն 17 տարի կիթառահար, պրոդյուսեր, կոմպոզիտոր Արթուր Թադևոսյանն ապրում և ստեղծագործում է Գերմանիայում: Երևանյան կարճատև այցի ժամանակ հասցրեցինք հանդիպել նրան: Հարցազրույցին նա մեզ դիմավորեց այն նույն անմիջական ժպիտով, որ կարող ենք տեսնել լուսանկարում:

 

- Արթուր, ինչո՞ւ հենց կիթառ և ինչո՞ւ Գերմանիա:

Կիթառին առնչվել եմ դեռ մանկուց: Հայրս բաս-կիթառահար Աշոտ Թադևոսյանն է, նա 1970-ականներին Արտավազդ Եղոյանի և Ձախ Հարութի հետ նվագել է <<Էրեբունի>> խմբում` մինչև Հարությունի ԱՄՆ մեկնելը: Մեր տանը երաժշտական մթնոլորտ էր տիրում, ես էլ սկսեցի կիթառ նվագել: 12 տարեկում նվագում էի “Angels” խմբում, ելույթ էինք ունենում Սունդուկյանի անվ. թատրոնում: 1995 թ-ին ընտանիքով մեկնեցինք Լեհաստան, ապա` Գերմանիա, մինչ օրս աշխատանքս շարունակում եմ այնտեղ:

 

- Ինչպե՞ս սկսեցիր կիթառներ ներկայացնել:

Գերմանիայում առաջին հերթին գտանք երաժշտական խանութ, փորձեցի տարբեր կիթառներ: Տնօրենին շատ դուր եկավ նվագս, նա ինձ ծանոթացրեց տեղացի երաժիշտների հետ: Սկսեցի նվագել տարբեր խմբերի հետ, տարբեր ոճերում, զուգահեռ` դասավանդել երաժշտական և հանրակրթական դպրոցներում:

 

- Կիթառ արտադրող ընկերության հետ սկսեցիր համագործակցել…

2011 թ-ից, Ֆրանկֆուրտում “Musikmesse” միջազգային ցուցահանդեսին, ուր աշխարհի տարբեր ծայրերից գալիս են կիթառ արտադրող ընկերություններն ու ներկայացնում իրենց գործիքները: Այդպես սկսեցի ներկայացնել գերմանական “Diezel” ընկերության ուժեղացուցիչը, ամերիկյան “Saint Blues”-ի գործիքը` սիգար բոքսը (cigar box) կիթառը:

 

- Ի դեպ, հետաքրքիր է տեսնել և լսել այդ ինքնատիպ գործիքը: Ինչո՞ւ ընտրեցիր հենց այն:

Դա ինքնաբերաբար ստացվեց, ես ու գործիքն իրար հասկացանք և ընկերացանք (ծիծաղում է): Նույն ցուցահանդեսին “Saint Blues”-ի տնօրենը երկու սիգար բոքս էր բերել: 4 օրվա ընթացքում ոչ ոք չմոտեցավ այդ գործիքներին: Ցուցահանդեսի ավարտից 2 ժամ առաջ տնօրենն ինձ առաջարկեց փորձել դրանք, ես վերցրեցի ձեռքս և սկսեցի հայկական, հնդկական, արևելյան մոտիվներ նվագել, քանի որ գործիքը ավելի շուտ թառ է հիշեցնում և նման չէ կիթառի: Չեմ նկարագրում տնօրենի զարմանքը, միայն ասեմ, որ երկու օր անց իմ մասնակցությամբ գովազդային հոլովակը հայտնվեց աշխարհի ամենամեծ ցուցահանդեսում` “Namm show”-ում: Ես դարձա ընկերության ամենահայտնի կատարողը, քանի որ գործիքը բավականին բարդ է, և կիթառահարները դժվարությամբ են հարմարվում դրան: Այն նվագում են սլայդով` մատին երկաթ հագնելով: Սիգար բոքս կիթառները սկսել են պատրաստել մոտ 150 տարի առաջ, Մեմֆիսում` բլյուզի ծննդավայրում: Աղքատ երաժիշտներն օգտագործել են հասարակ նյութեր`փայտ, ոսկոր և այլն, և մինչ օրս էլ ավանդույթը պահպանվում է: Ես միշտ փնտրում էի առանձնահատուկ մի բան, որն ինձ կօգնի տարբերվել, և ահա սիգար բոքսը դարձավ իմ այցեքարտը: Նաև նշեմ, որ ես այն բոլորովին այլ կերպ եմ նվագում, կատարում եմ տարբեր ոճերի ստեղծագործություններ, շուտով նաև կպատրատեմ վիդեո դասեր:

 

- Նաև ներկայացնում ես AT լոգոյով մեդիատորներ:

Այո, այդ լոգոն հայրիկինս է`անվան սկզբնատառերով: Այնպես ստացվեց, որ ես ել եմ ԱԹ, և ի դեպ, նաև որդիս` 11-ամյա Արամ Թադևոսյանը (ծիծաղում է): Իմ`AT լոգոն արդեն ունեն “Orion Effekte” ընկերության կիթառի որոշ աքսեսուարներ. նրանք ինձ համար հետաքրքիր կիթառ-էֆֆեկտ են պատրաստել` “AT Custom Germanium driver”:

 

Հայրս 1980-ականներին պատրաստում էր երաժշտական սարքավորումներ: Նա ստեղծեց մետաղյա մեդիատոր (metal pick), որը հետզհետե տարածվեց երաժիշտ ընկերներիս շրջանում և դարձավ մեր ապրանքանիշը` AT Picks: Այժմ այդ մեդիատորներն օգտագործում են գերմանացի երաժիշտները, կնշեմ “Gus G.” խմբի բաս-կիթառահար  Or Lubianiker-ին: Վերջերս դրանցից ձեռք բերեց Օզզի Օսբորնի կիթառահարը:

 

- Ի՞նչ համագործակցություններ են սպասվում:

Ապրիլի 24-ին որպես հյուր նվագելու եմ Գերմանիայի ամենահայտնի բլյուզ-հարփ կատարողի` Քրիս Քրամերի հետ. մեր ազգի համար հիշարժան այդ օրը կփորձեմ նաև որևէ հայկական գործ կատարել: Համագործակցում եմ գերմանացի քանթրի երգչուհի Ջոլինա Քարլի հետ, սակայն ուզում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել իմ երաժշտությանը:

 

- Նաև ստեղծագործո՞ւմ ես:

Ստեղծում եմ  երաժշտություն ինչպես գովազդների համար, այնպես էլ ավելի լուրջ և ծավալուն կոմպոզիցիաներ: Պատրաստում եմ գերմանական “Warsteiner” գարեջրի ընկերության գովազդի երաժշտությունը: Հարվածային գործիքների կատարող Թորն Լեոնարդի հետ ձայնագրում ենք ալբոմ, որտեղ նվագում եմ 4-լարանի սիգար բոքսի վրա, նաև երգում եմ: Հուսով եմ, մինչև ամառ ալբոմը պատրաստ կլինի և կկարողանանք ներկայացնել Գերմանիայով շրջագայության ժամանակ: Մեծ ցանկությունս է այն ներկայացնել Հայաստանում:

 

- Ի՞նչ ուղղվածություն ունի:

Բլյուզ ոճում է, նախնական անվանումն է “Men in the box”` <<Մարդիկ տուփերում>>: Գաղափարը տուփերում, այսինքն` նեղ սահմաններում ապրող մարդկանց ազատ լինելն է, նաև երաժշտության ազատագրումը սահմաններից: Իմ երաժշտության մեջ միշտ լինում է անակնալ, անսպասելի լուծումներով:

 

- Թղթակցում ես գերմանական կիթառի ամենամեծ ամսագրին:

Այո, <<Կիթառ և բաս>> (“Gitarre & Bass”) ամսագրում պատրաստում եմ կիթառի նվագի ուսուցողական խորագրեր, որոնք ներկայացնում եմ նաև վիդեո պորտալում: Առհասարակ, իմ անհատական կատարողական տեխնիկայի (strumming) վարպետության դասեր ունեմ YouTube-ում:


- Արթուր, աշխատում ես տարբեր ազգության երաժիշտների հետ: Հետաքրքիր է, ո՞ւմ ես ավելի շատ գնահատում:

Ինձ ամենից շատ դուր են գալիս ամերիկացի երաժիշտները, նրանք շատ լուրջ են և պրոֆեսիոնալ, միաժամանակ` անմիջական ու ազատ: Շատ հաջող է ստացվում իմ շփումը նաև հենց գերմանացիների հետ, նրանք շատ  հարգալից են, միշտ հետաքրքրվում են իմ պատմությամբ, թե որտեղից եմ արմատներով: Ի դեպ, իմ խմբի հարվածային գործիքների կատարողը շատ է ուզում, որպեսզի համերգներ ունենանք Հայաստանում: Ես նույնպես մեծ ցանկություն ունեմ, հուսով եմ, շուտով հնարավոր կլինի կազմակերպել:


- Երևան այցելության պատճառն անձնակա՞ն է:

Այո, առիթը հայրիկիս ծննդյան տարեդարձն է` նա արդեն 10 տարի է կրկին հայրենիքում է: Փորձում եմ հետևել մայրաքաղաքում արագ կատարվող փոփոխություններին, մշակութային կյանքին և գուցե ինքս էլ մասնակցեմ դրան:

 

Շնորհավորում ենք Աշոտ Թադևոսյանին և սպասում ստեղծագործական հանդիպումներ Թադևոսյանների հետ:

 

Այցի ընթացքում Արթուրը նվագակցեց Madhouse Blues Band-ի հետ. տես Strat-jam-ը և Cigar-box Country jam և նկարները

 

Հարցազրույցը` Հասմիկ Համբարյանի
հատուկ www.mojoclub.am կայքի համար   



International Blues Music Day
European Blues Union
VIDEO